Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/3/2022
share

Ոռոգման համակարգի բացակայությունը` գյուղատնտեսության զարգացման խոչընդոտ

ՀՀ Լոռու մարզի Վահագնի գյուղը խորհրդային տարիներին հայտնի է եղել գյուղատնտեսությամբ: Այստեղ աճեցրել են տարբեր մշակաբույսեր՝ ցորեն, գարի, կարտոֆիլ, բազուկ, կաղամբ։ Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո սկսվեց սեփականաշնորհման գործընթացը և մոտորատրակտորային կայանները դադարեցին գործել։
Տարեց տարի գյուղատնտեսական տեխնիկայի սղության, հաճախ նաև բացակայության պատճառով բերքատվությունը խիստ ցածր էր լինում։ Դրան գումարվում էր նաև ոռոգման համակարգի բացակայությունը։ Գյուղացին հետզհետե հիասթափվում է հողից՝ դաշտավարությունը համարելով անօգուտ զբաղմունք։ Արդյունքում,  բնակիչների մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի՝ հողատակտորները թողնելով անմշակ։
 «Հայաստանի տնտեսության հիմքը հանդիսանում է գյուղատնտեսությունը, և տեղական գյուղատնտեսությունը գոնե պիտի բավարարի ներքին պահանջարկը»,-այս քաղաքականությունը որդեգրեց ՏԻՄ-ը, որոշելով, որ Վահագնիում անմշակ գյուղատնտեսական նշանակության հողեր չպետք է լինեն։ 2019թ․ սկսած Վահագնիի համայնքապետ Սուրեն Կոստանդյանը մի քանի համագյուղացիների հետ սկսեց մշակել հողերը, իրենց օրինակով ոգեշնչելով մյուսներին։ Հետագայում տարբեր սուբվենցիոն ծրագրերով ձեռք բերվեց անհրաժեշտ գյուղատնտեսական նշանակության տեխնիկա։ Սակայն ոռոգման ջրի բացակայությունը դեռևս մնում է չլուծված։
  Խորհրդային տարիներին գյուղն ունեցել է ոռոգման համակարգ։ Փամբակ գետից պոմպերով ջուրը մղել են դեպի վարելահողերը։ Սակայն պոմպակայանը թալանվել է, ոռոգման համակարգը՝ քայքայվել։ Այն վերականգնելը մեծ միջոցներ է պահանջում: Երկար քննարկումների արդյունքում այլընտրանքային լուծում են մտածել․ գյուղի տարածքով հոսող ջրերը հավաքել մի ավազանում և հետագայում այն օգտագործել ոռոգման նպատակով։ Բայց դա ևս ներդրումներ է պահանջում։ Մինչ այդ ներդրումները լինեն՝ վահագնեցիները իրենց անջրդի արտերի ոռոգման համար հույսը կապում են բնության հետ։

cvmedia.am Քաղաքացիական լրագրող՝ Էդգար Մայիլյան
                  Լուսանկարները՝ Լիլիթ Կոստանյանի

 

4

facebook sharing button facebook